25/01/2019
...!!!
«Կողմնակի անձանց մուտքն արգելվում է»:
Փակցնում ենք դռանն ու փակում այն: Դռնից էսկողմ մեր տարածքն է. էստեղ մենք կարող ենք լինել իսկական, պայթել ու գրկել, էական չէ, թող այլոց չհուզի: Սա մեր տարածքն է, էստեղի բանալին միայն մենք ունենք, մենակ մենք իրավունք ունենք մուտքի: Էստեղ մենք ազատություն ունենք: Դռնից այնկողմ մի ամբողջ աշխարհ է մեզ սպասում, մենք պիտի կոկիկ հագնված ու հարդարված դուրս գանք, մինչդեռ էստեղ՝ ներսում, կարող ենք կիսամերկ ու չսանրված մազերով շրջել: Դրսում մեզանից սպասումներ ունեն, իսկ մենք հասկացել ենք արդեն, որ ամենակարևորն էստեղի՛ սպասումներն արդարացնելն է: Դրսում մեզ մի ամբողջական կերպարով են ճանաչում, իսկ էստեղ մենք անսահման, անթիվ մանրուքներից կառուցված խճանկար ենք, որը ճիշտ դասավորելը եթե բարդ էլ լինի, հոգ չէ, մերն է որովհետև:
Դռնից էսկողմ կրքեր կեռան ու կսառեն, խոսքեր կշպրտվեն ու կշռայլվեն, թեյ ու գինի կլցնենք իրար համար: Կիմանանք՝ երբ մոխրաման կոտրել ու երբ ապակին թղթով փաթաթել, որ չվնասվի: Կսիրենք, կսպասենք ու կսպանենք նույն մարդուն, անվերջ ու էլի: Ծաղկեփնջեր կհայտնվեն ծաղկամանում ու աղբամանում, համբույրներ ու արցունքներ նույն երեսին կլինեն, նույն հեղինակից: Ու ինչ էլ լինի, կլինի դռնից այսկողմ, ուր կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Ուր ոչ ոք չի կարողանա ոչինչ փոխել, ոչ մի բան տեղաշարժել, լցնել կամ դատարկել: Նրանք չկան ու երբեք չեն լինի այստեղ: Սա մեր տարածքն է, մենք սրտներիս ուզածը կանենք այստեղ, ու դուրս կգանք միշտ բարձր ճակատով, միշտ թևանցուկ՝ որպես իրար ապավեն:
#Թեյահոլիզմ
Լիլի Մկրտչյան